ԱՄՆ–ն քվեարկել է Դոնալդ Թրամփի օգտին, քանի որ բազմաթիվ ներքին խնդիրներ էին կուտակվել։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ–ն։

«Հիմա բոլորը հոգոց են հանում, թե սխալ մարդ է դարձել ԱՄՆ նախագահ։ Լավ էլ նորմալ մարդ է եկել, հենց ճիշտ մարդ։ Եվ լավ էլ ամերիկամետ քաղաքականություն կտանի։ Նա կոշտ ամերիկամետ քաղաքացի է, որի համար Ամերիկան ամենից առաջնայինը կլինի։ Եվ մենք պետք է մտածենք, թե որտեղ է լինելու մեր տեղը այդ քաղաքականության մեջ»,– ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Ամերիկան Դոնալդ Թրամփի օգտին է քվեարկել այն պատճառով, որ բազմաթիվ ներքին խնդիրներ կային։ «Եթե միջին խավը մերժում է ամեն  բան եւ քվեարկում նման մարդու օգտին, ապա պետք է եզրակացություններ անել։ Մեզ չի կարելի նույն սխալը կրկնել։ Մենք պետք է լուծենք մեր ներքին խնդիրները, որոնք շատ են։ Պետք է ամրացնենք մեր հիմքը, իսկ  հետո հեշտ կլինի խոսել եւ՛ Ամերիկայի, ե՛ւ այլ պետությունների հետ»,– ասել է Լուկաշենկոն։