«Չորս տարի առաջ ես կանխատեսել էի, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա»,- գրում է ԱՄՆ նախագահներ Ջորջ Բուշ կրտսերի ու Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակից Փոլ Դ․ Միլլերը Foreign Policy–ում։ «Ահա իմ հաջորդ կանխատեսումը, որը հիմա շատերին զարմանալիորեն ակնհայտ կթվա՝ հաջորդը Մերձբալթյան երկրներն են լինելու», հավաստիացնում է նա։
Պուտինի ու մյուս ռուսաստանցիների համար, որոնք աշխարհին նայում են ռուսական կրոնական ազգայնականության պրիզմայով, Արեւմուտքն իր ամբողջ էությամբ սպառնալիք է գլոբալիզմի պատճառով, համարում է հեղինակը։
«Հիմա Պուտինը սառը պատերազմի ավարտից հետո ամենաշահավետ միջազգային պայմաններում է հայտնվել՝ ռուսական էքսպանսիան շարունակելու համար»,- ասվում է հոդվածում։ Եվրոպայի միասնականությունը սասանված է, իսկ հաջորդ ամերիկյան նախագահը, կարծես, բացահայտ պաշտում է Ռուսաստանը, բացատրում է Միլլերը։
«Պուտինի հաջորդ քայլը ավելի վտանգավոր է լինելու, քան նախորդները, քանի որ նա, ամենայն հավանականությամբ կներխուժի Մերձբալթյան երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են»,- կարծում է հեղինակը։ Ըստ Միլլերի ՝ նա մեծ քանակության ռուս զինվորականների չի ուղարկի ։
«Դրա փոխարեն Պուտինը կսադրի ոչ միանշանակ ռազմական ճգնաժամ, օգտագործելով խամաճիկների, որոնցից գուցե դեռ կարելի է հրաժարվել առաջիկա երկու տարիներին»,- ենթադրում է նա։ Հավանաբար, ռուսալեզու լատվիացիներն ու էստոնացիները կսկսեն բողոքել, պահանջել իրենց իրավունքների պաշտպանություն, կհայտնեն հետապնդումների մասին ու «միջազգային պաշտպանություն» կխնդրեն։ Կհայտնվի «Ռուսական Բալթիկայի ազատագրման ժողովրդական ճակատ», որը կլինի զարմանալիորեն լավ զինված ու պատրաստված։
Կգումարվի Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության գագաթնաժողով։ Լեհաստանը առաջինը կպահանջի կիրառել ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը։ Գերմանացիներն ու ֆրանսիացիները կատաղի կդիմադրեն։ Բոլորը կնայեն ԱՄՆ-ին, որպեսզի հասկանան, թե ում կողմն է թեքվում դաշինքի առաջնորդը, շարունակում է Միլլերը։
Եթե դաշինքը չկիրառի 5 հոդվածը՝ ապա ՆԱՏՕ-ի պարտականությունների փոխադարձ երաշխիքները կդառնան ֆունկցիոնալ տեսակետից անիմաստ, գրում է հեղինակը։ Որոշ արեւելաեվրոպական պետություններ կարող են որոշել միանալ ավելի ուժեղ կողմին՝ Ռուսաստանին։ Մյուսները ՝ Լեհաստանից սկսած, կսկսեն մինչեւ ատամներ զինվել։ «Պուտինի երազանքը՝ տրոհված Արեւմուտքի ու Եվրոպայում գործունեության անսահամանափակ դաշտի մասին, կիրականանա»,- նշում է նա։
«Բայց եթե դաշինքը կիրառի 5-րդ հոդվածը, դա փաստացի կնշանակի Արեւմուտքի կողմից Ռուսաստանին պատերազմ հայտարարել։ Եվ հենց այդ ժամանակ էլ Թրամփը ստիպված կլինի որոշել, արդյոք Լատվիային պաշտպանելու համար արժե գնալ երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու ռիսկի»,- ամփոփում է Միլլերը։




























