Հայաստանն ու ԵՄ-ն հույս ունեն շուտ ավարտել համագործակցության շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնել են մամուլի ասուլիսի ժամանակ, որը ամփոփում էր Երեւանում Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ութերորդ ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները։

«Հույս ունեմ, որ բանակցությունները հաջորդ տարի կավարտվեն։ Հետո արդեն ընթացակարգային աշխատանքները կսկսվեն»,- նշել է ԵՄ հարեւանության ու ընդլայնման հարցերով քաղաքականության հանձնակատար Յոհաննես Հանը։ Ինչ վերաբերում է «Բրեքսիթի» ազդեցությանը Արեւելյան գործընկերության ծրագրի վրա, Հանը հայտնել է, որ կապ չի տեսնում։ «Կա ընդհանուր ռազմավարական ընկալում՝ դա կարեւոր հարեւաններն են։ Համագործակցել ենք ու շարունակելու ենք համագործակցել»,- վստահեցրել է Հանը։

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են 2015-ի դեկտեմբերին ու այդ ժամանակահատվածում կայացել են բանակցությունների վեց փուլեր։ Նախարարի գնահատականով, բանակցությունները բավականին հաջող են անցել, գրանցվել է առաջընթաց։ Հաջորդ փուլը դեկտեմբերին է։ «Կարծում եմ, որ եւս 2-3 փուլ եւ մենք կավարտենք բանակցությունները։ Երբ ավարտենք՝ Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել։ Իհարկե մենք հասկանում ենք, որ ԵՄ-ին նույնպես ներքին համաձայնություն է պետք, ու մենք հույս ունենք, որ դա արագ կլինի ու ԵՄ-ն պատրաստ կլինի ու կստորագրի շրջանակային համաձայնագիրը։ Երկու կողմերն էլ ուզում են, որ այն հնարավորինս ամբողջական արտացոլի հարաբերությունների որակը,խորությունն ու ծավալը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտնել է նախարարը։