ՆԱՏՕ-ն հարգում է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու՝ Հայաստանի ընտրությունը, նաեւ ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին նրա անդամակցությունը։ Այս մասին նոյեմբերի 17-ին Երեւանում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ջեմի Շին, որը 1993-2000 թթ․ եղել է Դաշինքի մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով, կարելի է միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հետ։ «Հետեւաբար, Հայաստանին իմ ուղերձը ոչ թե «կամ-կամ» է, այլ «եւ -եւ»։ Հայաստանը չի ուզում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ ու ամենեւին էլ պարտադիր չէ անդամ լինել ՝ համագործակցության բազմաթիվ ծրագրերից օգտվելու համար»,- ասել է Շին։ Նա պարզաբանել է, որ խոսքը երկկողմանի համագործակցության մասին է, որի միջոցով ամրապնդվում է երկու կողմերի անվտանգությունը։ «Տանգո պարելու համար երկուսն են պետք։ Ինձ թվում է, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն շատ լավ զույգ են տանգոյի համար»,- ամփոփել է Ջեմի Շին։




























