Պետդումայի պրոֆիլային հանձնաժողովը խորհուրդ է տվել ընդունել ՝ Կովկասյան հավաքական անվտանգության տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հոկտեմբերին փաստաթուղթը ստորին պալատի քննարկմանն էր ներկայացրել նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իսկ համաձայնությունը ստորագրվե լ էր Մոսկվայում 2015-ի դեկտեմբերի 23-ին։

Համաձայնագիրը նախատեսում է ստեղծել հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ՝ որպես ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի բաղկացուցիչ, ասված է օրինագծին կցված բացատրական փաստաթղթերում։

Պուտինը հավանություն է տվել Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորումների ստեղծմանը։

ՀՕՊ միավորված համակարգի զորքերի եւ հակաօդային պաշտպանության մյուս տարածաշրջանային համակարգերի կազմում ընդգրկված մյուս զորքերի համատեղ գործողությունների համակարգումը իրականացնելու է Ռուսաստանի ՕՏՈւ գլխավոր հրամանատարը։ ՀՕՊ համակարգի զորքերի համատեղ գործողությունների ընդհանուր ղեկավարումը իրականացնելու է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարը։

Միավորված ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից զենքի կիրառման կարգը որոշվում է այն կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենք։

Համաձայնագիրը կնքվել է 5 տարի ժամկետով ու 5-ամյա ժամկետներով ավտոմատ երկարացվելու հնարավորությամբ։

Պարզաբանող գրության մեջ նշված է, որ համաձայնագիրը ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի շահերին։ «Դրա իրագործումը թույլ կտա բարձրացնել ՌԴ ու Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության հուսալիությունը, նաեւ որոշել հակաօդային պաշտպանության զորքերի կիրառման կարգը՝ մարտական հերթապահության առաջադրանքների համատեղ կատարման ժամանակ»,- նշված է տեքստը։