Air France-ը Հայաստանում է արդեն 10 տարի. այս ընթացքում ընկերոթյունը Փարիզի ու Երեւանի միջեւ տեղափոխել է շուրջ 500 հազար ուղեւոր: Այդ մասին լրագրողներին ասաց AirFrance-KLM- ի տարածաշրջանային մենեջեր Ֆրանկ Վան՛տ Հոֆը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած հանդիպման ժամանակ:
Իր հերթին, Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն հիշեցրեց, որ Air France-ի՝ Փարիզ – Երեւան առաջին չվերթի ուղեւորն էր Շառլ Ազնավուրը, ինչպես նաեւ մի շարք քաղաքական գործիչներ եւ բիզնեսի ներկայացուցիչներ:
«Սա շատ կարեւոր պահ էր բոլորիս համար: AirFrance-ի երթուղին դարձել եւ շարունակում է մնալ Հայաստանը արտաքին աշխարհին կապող կարեւորագույն երթուղիներից մեկը», - նշեց դեսպանը:
Այսօր ընկերությունը դեպի Երեւան իրականացնում է շաբաթական 4 չվերթ ամառային եւ 2 չվերթ ձմեռային չվացուցակով: «2004 թվականին կազմավորվել է Air France-KLM խումբը, որն այժմ իրականացնում է օրական 2200 չվերթ աշխարհով մեկ՝ իր 352 օդանավերի միջոցով: Այսինքն՝ մենք տրամադրում ենք երթուղիների ամենալայն սփռվածություն», - ընդգծեց Վան՛տ Հոֆը:
Խոսելով բյուջետային ավիաընկերությունների հետ հնարավոր մրցակցության մասին՝ նա նշեց, որ AirFrance-ի լոուքոսթեր ընկերությունը` Transavia-ն, առայժմ աշխատում է միայն ԵՄ-ում, սակայն Հայաստանում AirFrance-KLM-ը շարունակում է հաջողությամբ մրցակցել գին-որակ հարաբերակցությամբ:
Նա բարձր գնահատեց Երեւանում AirFrance-KLM-ի գործընկերոջ՝ Executive Travel ընկերության հիմնադիր-նախագահ, ֆրանսահայ գործարար Լեւոն Բաղդասարյանի ներդրումը՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցության զարգացման գործում:
Վերջինս նշեց, որ AirFrance-ը պատրաստ է մրցակցել ոչ միայն որակով, այլեւ գնով: 2014-ի վերջին տեղի ունեցած դրամի արժեզրկումը տոմսերի գների մեջ չեզոքացվել էր: «Ավելին, այս ձմեռային ամիսների համար մենք ուզում ենք առաջարկել 20-25% զեղչեր, ինչը լավ հնարավորություն կդառնա տոները դիմավորել Փարիզում կամ այլուր՝ Ֆրանսիայում», - նշեց նա:
Հայաստանը եւս հանրահռչակվելու է որպես տուրիզմի ուղղություն՝ արտերկրի տուրիստների համար: AirFrance-ի դեկտեմբերի ամսագրում Հայաստանը ներկայացնող հոդված կզետեղվի: Այն կկարողանան կարդալ ընկերության` աշխարհով մեկ թռչող ուղեւորները:



























