Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի իրավիճակը կայուն չէ, եւ ապրիլյան իրադարձությունները դա ցույց տվեցին։ Այս մասին նոյեմբերի 17-ին Երեւանում ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը՝ պատասխանելով հայ լրագրողների հարցերին։
Նրա խոսքով՝ պետք է աշխատանքներ տարվեն վստահության վերականգնման ուղղությամբ։ «Կարծում ենք, որ պետք է շարունակվեն բանակցությունները, քանի որ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի իրավիճակը կայուն չէ, եւ ապրիլյան իրադարձությունները դա ցույց տվեցին։ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,– ասել է Բրիքսը։
Հարցին, թե ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն ինչպես կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների վրա, դիվանագետը պատասխանեց, որ տարածաշրջանը միշտ ԱՄՆ արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում է եղել թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցությունների կառավարման օրոք։ «Պատմականորեն տարածաշրջանում ԱՄՆ հետեւողական քաղաքականություն է վարել»,– նշել է նա։
Բրիքսը նշել է, որ ԱՄՆ–ը պաշտպանում է Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք ուղղված են կողմերի միջեւ վստահության ձեւավորման 2 միջոցների ապահովմանը։ «Մենք պաշտպանում ենք Վիեննայի պայմանավորվածությունները։ Դրանք ուղղված են դեսպան Կասպրշիկի մոնիթորինգային կազմի ընդլայնմանն ու շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ձեւավորելուն»,– ասել է նա։




























