Ես գիտեմ, որ Հայաստանը կարեւորում է ԱՄՆ ուշադրությունը  Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ։ Հայաստանում իշխող եւ ընդդիմադիր  քաղաքական ուժերի հետ իմ հանդիպումների ընթացքում ես վերահաստատել եմ, որ մենք ցանկանում ենք աշխատել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով։  Այս մասին նոյեմբերի 17-ին Երեւանում ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը՝ անդրադառնալով հարցին, թե ակնկալվում է արդյոք, որ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո ռուս–ամերիկյան հարաբերությունների հնարավոր կարգավորումը կանդրադառնա նաեւ ԼՂ հիմնախնդրի մոտեցումների վրա։

«Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ–ը աշխատել են ԼՂ հարցի շուրջ, երբ անգամ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները լարված վիճակում են եղել։ Այդ մոտեցումները պահպանվել են եւ կարծում եմ, որ այդպես էլ կշարունակվի»,– ասել է դիվանագետը։

Նա նշել է, որ դեռեւ նոր նախագահի վարչակազմը ձեւավորված չէ, բայց իր փորձից ելնելով կարող է ասել, որ երկրի ներքին առաջնահերթությունները հնարավոր չէ լրիվ առանձնացնել արտաքին առաջնայնույթուններից։ «Մինչեւ հունվար դեռ գործում է Օբամայի վարչակազմը եւ նրա վարած քաղաքականությունը։ Անցումային քաղաքականության նախապատրաստումից հետո միայն առավել հստակ կդառնան արտաքին քաղաքական եւ մյուս ուղղությունները»,– ասել է Բրինքը։