Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:
ՀՀ Նախագահը եւ ԵՄ հանձնակատարը ջերմությամբ են հիշել նախորդ հանդիպումը, որից հետո, ըստ Նախագահ Սարգսյանի, նաեւ այդ հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ որակական առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ՝ ավելի է ակտիվացել բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ: Հանրապետության Նախագահը հատկանշական է համարել, որ դեռեւս մեկ տարի առաջ պարոն Հանի հետ քննարկած որոշ հարցեր արդեն երկկողմ օրակարգի մաս են դարձել, այդ թվում՝ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է իր մասնակցությունը Արեւելյան գործընկերության ծրագրին եւ անցած տարիների ընթացքում, հնարավորության սահմաններում, արել է ամեն ինչ համագործակցային այդ ձեւաչափի կայացման ու զարգացման համար: ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ թե՛ արտաքին գործերի, թե՛ կրթության, գիտության ու հետազոտությունների հարցերով նախարարական քննարկումների արդյունքները, 2017թ. Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, իրենց դրական ներդրումը կունենան ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցության ամրապնդման գործում:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը եւ հանձնակատար Յոհաննես Հանը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:





























