ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաջորդ շաբաթ որպես պետության ղեկավար վերջին անգամ  կկատարի հնդուհավին ներում շնորհելու ավանդույթը Երախտագիտության օրվա նախօրեին, հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»

Ներման արարողությունից հետո, որը 69-րդ անգամ է տեղի ունենալու, ԱՄՆ 2016 թ․ գլխավոր հդուհավը ապաստան կգտնի Վիրգինիա նահանգի Տեխնոլոգիական համալսարանում, որտեղ նրա մասին հոգ կտանեն ուսանողներն ու անասնաբույժերը։

Երախտագիտության օրվա ու տոնական սեղանին հնդուհավ մատուցելու ավանդույթը ԱՄՆ-ում սկիզբ է առել 1621-ից, երբ առաջին նորաբնակները ժամանակակից Մասաչուսեթսի տարածքում բնակվող հնդկացիներին հրավիրել էին միասին աստծուն փառաբանելու՝ բերքի համար։ Հնդկացիները իրենց հետ բերել էին մի թռչուն, որին տեղի նորաբնակները երբեւէ չէին տեսել ու որը նրանք հետագայում հնդուհավ են կոչել։ Այդ ժամանակվանից ի վեր հնդուհավը տոնական սեղանի անբաժան մասն է։ ԱՄՆ-ում Երախտագիտության օրը ազգային տոնի կարգավիճակ է ստացել 1863-ին՝ Աբրահամ Լինքոլնի օրոք։ Այս օրը նշվում է նոյեմբերի վերջին հինգշաբթի, որն այս տարի նոյեմբերի 24-ին է լինելու։