Աթենքում Պոլիտեխնիկական համալսարանի մոտ անկարգությունների ընթացքում անարխիստները այրել են Հունաստանի դրոշը, դատախազը թույլ է տվել ոստիկանությանը մտնել ինքնավարության իրավունք ունեցող համալսարանի տարածք, հայտնում է ՌԻԱ Նովոստին»։

Անկարգությունները սկսվել են Պոլիտեխնիոյի ուսանողների խռովության 43-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքից հետո։ Դեպի ԱՄՆ դեսպանատուն երթին մոտ 700 անարխիստներ էին մասնակցում, որոնք ամերիկյան դեսպանատնից շարժվել են դեպի Էկզարխիա թաղամաս, որտեղ էլ հենց գտնվում է համալսարանը։

Անարխիստները գրավել են համալսարանի շենքերից մեկը, սկսել բարիկադներ կառուցել, այրել աղբամանները,քարեր ու այրիչ խառնուրդով շշեր նետել ոստիկանների վրա։

Նրանք նաեւ անարգել ու այրել են Հունաստանի դրոշը։ Հունաստանում համալսարանները մեծ ինքնավարություն ու ապաստանի իրավունք ունեն, դրանց տարածք ոստիկանության մուտքն արգելված է, այդ իսկ պատճառով անարխիստները ու իրավախախտները հաճախ են թաքնվում համալսարանների տարածքում։

Հայտնում են նաեւ, որ համալսարանի բակում խոշոր հրդեհ է բռնկվել, բայց հրշեջ ծառայությունները հնարավորություն չունեն մարել այն։

«Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Յորգոս Կումուչակոսը պետական դրոշի անարգանքի կապակցությամբ կառավարությունից պահանջել է կարգուկանոն հաստատել։