Հարավային Սուդանում ազգային միասնության անցումային կառավարությունը, որը վերականգնվել էր հուլիսյան ճգնաժամից հետո, նկատելի քայլեր է ձեռնարկել Ջուբայում անվտանգության իրավիճակի բարելավման համար։ Սակայն երկրում իրավիճակն ընդհանուր առմամբ անկայուն է մնում։ Այս մասին ասել է Հարավային Սուդանում ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Էլլեն Մարգրետե Լեյը։
«Տնտեսական վիճակի վատթարացումը եւ էթնիկ հողի վրա հակամարտության բռնկումները հանգեցրել են նրան, որ երկիրը հայտնվել է դեպի ավելի մեծ պառակտում եւ մեծամասշտաբ քաղաքացիական կոնֆլիկտ տանող վտանգավոր ուղու վրա»,– ասել է Լեյը։
ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Հարավային Սուդանում ծանր հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր մարդիկ ստիպված են փախչել իրենց տներից։ Նման փախստականների թիվը հատել է 1 մլն–ի շեմը։




























