Անհայտ անձը Ավստրալիայի Մելբուռն քաղաքում մտել է Commonwealth բանկի շենք, բենզին լցրել վրան ու հրդեհել: Հրշեջները դեպքի վայր են հասել 1,5 րոպե հետո, սակայն նրանց չի հաջողվել միանգամից մտնել բանկի շենք, քանի որ իջել էին զրահապատ փեղկերը:

Ընդհանուր առմամբ, տուժել է 27 մարդ, որից 6-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ականատեսների խոսքով, հրդեհին նախորդել է հզոր պայթյուն: Ականատեսներից մեկը պատմել է, որ տեսել է շենքից դուրս եկող սեւ ծուխ: «Այդ տղան դուրս եկավ ամբողջությամբ կրակների մեջ: Ամեն տեղ արյուն էր, մի քանի րոպե ես շոկի մեջ էի, իսկ հետո վազեցի վերցրեցի մոտակա խանութի կրակմարիչը, եւ մենք մի տղայի հետ սկսեցինք մարել կրակը»,-ABC News-ին պատմել է նա:

The Australian-ի փոխանցմամբ, ողբերգության մեղավորը 21 տարեկան է, նա հիմա գտնվում է հիվանդանոցում՝ ոստիկանների հսկողության տակ: