ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ նոյեմբերի 18-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը (նստավայրը՝ Թբիլիսի):

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է նոր որակ հաղորդելու հայ-էստոնական համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Սերժ Սարգսյանը կարեւորել է բոլոր ոլորտներում համագործակցության ակտիվացումը՝ օգտագործելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական հարաբերություններն ու քաղաքացիական հասարակության հնարավորությունները:

Դեսպան Կաի Կաարելսոնը նշելով, որ իր նախկին դիվանագիտական փորձառությունը, որը կապված է եղել միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի հետ, որոնք երկուսն էլ Հայաստանի ու Էստոնիայի համար շատ կարեւոր կազմակերպություններ են, կօգնի ավելի արդյունավետ իրականացնել իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Էստոնիան մեծ առաջընթաց ունի, իսկ Հայաստանը վերջին տարիներին զգալի հաջողություններ է արձանագրել: