Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Financial Times–ին տված հարցազրույցում շարադրել է իր կոշտ դիրքորոշումը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ գալիք բանակցությունների հարցում։
Նրա խոսքով, նույնիսկ «Բրեքսիթից» հետո Մեծ Բրիտանիան կաշկանդված է լինելու հարկային նորմերով, որոնք կսահմանափակեն ներդրողներին համար նրա գրավչությունը։
«Քանի դեռ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը չի ավարտվել՝ Մեծ Բրիտանիան պետք է կատարի իր պարտավորությունները, - հայտնել է Շոյբլեն,-Գուցե որոշ պարտավորություններ կպահպանվեն նաեւ ԵՄ-ից դուրս գալուց հետո՝ ընդհուպ մինչեւ 2030 թ․․․ Բացի դրանից, մենք չենք կարող որևէ առատաձեռն արտոնություններ տրամադրել»։
Շոյբլեն վստահեցնում էր, որ Բրիտանիան պետք է հետեւի ներդրումների խթանման միջազգային կանոններին, գրում են հեղինակները։ «Այդ կանոնները վերաբերում են բոլորին՝ անկախ ԵՄ –ին նրանց անդամակցությունից»,- հայտնել է նախարարը։
«Շոյբլեի նախազգուշացնում էր, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո Բրիտանիան ստիպված է լինելու եւս մի քանի տարի վճարումներ անել ԵՄ բյուջեին, այս մասին ԵՄ աշխատակազմն արդեն առաջարկներ է արել, որոնցից մեկն էլ Մեծ Բրիտանիային «դուրս գալու հաշիվ» ներկայացնելն է՝ 40-60 մլրդ եվրոյի չափով»,- գրում է պարբերականը։
Շոյբլեն նաեւ ասել է, որ Մեծ Բրիտանիան միգրացիոն քաղաքականության ոլորտում արտոնություններ չի ստանա, եթե ուզում է մնալ ԵՄ ընդհանուր շուկայի մասնակից, քանի որ տեղաշարժի ազատությունը ներքին շուկայի հենասյուներից մեկն է։ Նրա խոսքով, ԵՄ երկրների քաղաքացիների ներգաղթի հարցում Բրիտանիայի սահմանափակումը կնշանակի, որ ֆինանսական ընկերությունները կկորցնեն ազատ մուտքը ԵՄ շուկաներ։




























