ԱՄՆ նախագահական քարոզչության ընթացքում փորձագետները վստահ էին, որ ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը բացասաբար է անդրադառնալու տնտեսության ու բիզնեսի վրա։
Ընտրապայքարի ավարտից հետո հակառակ արդյունքն է ստացվել՝ արժեթղթերը աճել են, դոլարի փոխարժեքը՝ բարձրացել։ Որոշ տնտեսագետներ լավացրել են 2017-ի ու 2018-ի մասին իրենց կանխատեսումները, ինչը նոյեմբերի երկրորդ մեծ անակնկալն էր, հայտնում է Bloomberg–ը։
Աշխարհի խոշորագույն Bridgewater Associates հեջ- հիմնադրամի հիմնադիր Ռեյ Դեյլոն համարում է, որ «խելագարության» գործոնն այնքան մեծ դեր չի կատարում, որքան ակնկալվում էր։
«Տնտեսական ոլորտում իրադարձությունների զարգացման մեր նախնական գնահատականը ընդհանուր առմամբ դրական է, այն թույլ է տալիս ենթադրել, որ շատերը խելագարորեն տնտեսությունը դեպի անդունդ չեն տանի»,- գրել է նա LinkedIn-ի իր էջում։
Bloomberg-ի փոխանցմամբ, S&P -ում ֆինանսական ընկերությունների բաժնետոմսերը ընտրություններին հաջորդած շաբաթվա ընթացքում բարձրացել են 11 տոկոսով, ենթադրաբար որովհետեւ Թրամփը խոստացել էր չեղարկել Դոդ -Ֆրանկի օրենքը։ Արդյունաբերական ձեռնարկությունների արժեթղթերը նույնպես բարձրացել են 6 տոկոսով։
Գործարարները, որոնք հոգնել են Վաշինգթոնի անհեռատես քաղաքականությունից, լավատեսաբար են տրամադրված ու Թրամփի հետ մեծ հույսեր են կապում։ Թրամփը դարձել է առաջին հանրապետական նախագահը 1952-ից ՝Դուայթ Էյզենհաուերի ժամանակներից հետո։




























