Կրակովում տեղի է ունեցել 2010-ին Սմոլենսկի մոտ ավիավթարի հետեւանքով զոհված՝ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու ու նրա կնոջ՝ Մարիայի վերահուղարկավորումը, հայտնել է Լեհաստանի հեռուստատեսությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Կաչինսկու աճյունը արտաշիրիմել էին նոյեմբերի 15-ի գիշերը՝ սմոլենսկյան վթարի հետաքննության շրջանակում աճյունների կրկնակի հետազոտության համար։ Ըստ նախնական, ոչ պաշտոնական տվյալների, հետազոտությունը ցույց է տվել, որ նախագահի ու նրա կնոջ մահվան պատճառը ներքին օրգանների բազմակի վնասվածքները ,գլխի կոտրվածքն ու վնասվածքն է եղել, որոնք բնորոշ են նման վթարներին։ 14 փորձագետներից կազմված միջազգային խումբը 4 ամիս հետո կներկայացնի փորձաքննությունների վերջնական արդյունքները։
Ի սկզբանե նախատեսվում էր, որ Կաչինսկու վերահուղարկավորությանը ներկա կլինեն միայն ընտանիքի անդամները, սակայն արարողությանը ներկա են եղել նաեւ Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան ու նրա կինը, վարչապետ Բեատա Շիդլոն։ Ներկա էր նաեւ զոհված նախագահի երկվորյակ եղբայրը, Լեհաստանի «Իրավունք ու արդարություն» իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչիսկին, նաեւ զոհվածների դուստրը՝ Մարտա Կաչինսկին։
Կաչինսկու արտաշիրիմումը սմոլենսկյան վթարի հետեւանքով զոհվածների աճյունների առաջին արտաշիրիմումն էր։ Ընդամենը ծրագրվում է արտաշիրիմել ու հետազոտել ողբերգության 83 զոհերի աճյունները։ Լեհաստանի Գլխավոր դատախազության ղեկավարի տեղակալ Մարեկ Պաշչոնեկը ավելի վաղ պարզաբանել էր, որ վթարի զոհերի արտաշիրիմումը անհրաժեշտ է բժշկական փաստաթղթերում հայտնաբերված սխալների պատճառով։
«Տու -154» օդանավը վթարի էր ենթարկվել 2010-ի ապրիլի 10-ին՝ Սմոլենսկի օդանավակայանում վայրէջքի պատրաստվելիս։ Օդանավում գտնվող բոլոր 96 ուղեւորները ու անձնակազմի անդամները զոհվել էին։
2011-ին Միջպետական ավիացիոն կոմիտեն հրապարակել էր տեխնիկական հետաքննության արդյունքների մասին վերջնական զեկույցը, ըստ որի վթարի անմիջական պատճառն է եղել անձնակազմի որոշումը՝ պահեստային աէրոդրոմում վայրէջք չկատարելու մասին։




























