Մամուլի ներկայացուցիչները, համացանցի օգտատերերը, ընդդիմությունը եւ շատ ուրիշներ Թուրքիայում աննախադեպ ճնշման են ենթարկվում։ Այս մասին ասել է ՄԱԿ՝ իրավունքի եւ խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Դեւիդ Քայեն։

Նա կառավարությանը կոչ է արել հրատապ փոխել կուրսը եւ վերադառնալ մարդու իրավունքների հարգելու սկզբունքներին, որոնք ամրագրված են Թուրքիայի սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքով։ Քայեն ընդունել է, որ հուլիսյան հեղաշրջման փորձը արդարացիորեն առաջ է բերել երկրի իշխանությունների մտահոգությունը։ Այդուհանդերձ Քայեն նշել է, որ փաստաբանների, դատավորների, լրագրողների անհիմն հետապնդումը միայն բեւեռացնում է հասարակությունը եւ սասանում է կայունությունը։ Փորձագետները Թուրքիային  կոչ են արել անհապաղ ազատել մարդկանց, որոնք ճաղերի հետեւում են հայտնվել միայն այն  բանի համար, որ օգտվել են խոսքի ազատության իրենց իրավունքից։