Միացյալ Նահանգներում ինքնությունը հաղթեց բանականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Մեդիայի եւ հաղորդակցության քաղաքականության գերմանական ինստիտուտի ղեկավար Լեոնարդ Նովին:

Անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին եւ դրանց արդյունքներին՝ նա նշեց. «Իհարկե, Թրամփին ընտրողների շրջանում բազմաթիվ ռասիստներ, ֆանատիկներ կան: Բայց մեծ դեր խաղացին ոչ այնքան Թրամփի քաղաքական առաջարկները (որոնց իրականացմանը, կարծում եմ, նրա շատ ընտրողներ չեն էլ հավատում), որքան նրա անձը՝ «իսթեբլիշմենթին» ինքնահռչակ հակադրվողի դերում»:

Ըստ փորձագետի՝ դրան հանգեցրեց ԱՄՆ-ի կառավարման համակարգում առաջացած ճեղքվածքը, որը, պարզվեց, «կոռումպացված» է եւ տնտեսական ու մշակութային տեսանկյունից գերակշռող՝ Արեւելյան եւ Արեւմտյան ափերի մեծ քաղաքների լիբերալ վերնախավով: «Շատերը «փոփոխություններ» էին ուզում, եւ Թրամփն իր մեջ մարմնավորեց դրանք: Դրան հարկավոր է հավելել իսթեբլիշմենթի թեկնածու Հիլարի Քլինթոնին՝ հստակ ուղերձի բացակայությամբ: Եվ ահա մենք ունենք այն, ինչ ունենք: Բերնի Սանդերսը կհաղթեր»,- ամփոփեց Լեոնարդ Նովին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած նոյեմբերի 8-ին նախագահական ընտրություններում հաղթեց Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը, որը հայտնի է էքստրավագանտ հայտարարություններով, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու խոստումներով: