Բրիտանիայում աճուրդ է անցկացվում, որտեղ մոտ հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ վաճառվում է անհետացած դոդո թռչունի կմախքը: BBC-ի փոխանցմամբ՝ աճուրդի կազմակերպիչները հուսով են, որ կմախքը 370-620 հազար դոլարով կվաճառվի: 

Summers Place Auctions աճուրդի տան հայտարարության մեջ նշված է, որ կմախքի տերն այն ոսկոր առ ոսկոր հավաքել է 1970-ական թվականներից սկսած: Հավաքորդը թռչունի հազվագյուտ ոսկորները գնել է այլ տերերից եւ աճուրդներում: Արդյունքում նրան հաջողվել է հավաքել կմախքի գրեթե 95 տոկոսը:

Այժմ դոդոյի ոսկորների արտահանումը թռչունի հայրենիքից՝ Սուրբ Մավրիկիայի կղզուց, տեղական կառավարության կողմից արգելված է:

Եվրոպացիները դոդո թռչունին կամ Մավրիկիական դրոնտին առաջին անգամ տեսել են 1598 թվականին, իսկ ընդամենը 70 տարի հետո այդ տեսակն անհետացել է՝ բնաջնջվելով Արեւմուտքի գաղութարարների եւ նրանց բերած խոզերի կողմից: