Փարիզի արվարձաններից մեկի՝ Օլնե-սու Բուայի մունիցիպալիտետը որոշել է արգելել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակում թողարկված պաստառները։ Այդ պաստառների վրա նույնասեռական զույգեր են, իսկ մունիցիպալիտետը համարում է, որ նման պաստառները «չեն համապատասխանում պարկեշտության կանոններին», հայտնում է RFI–ն։
ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված արշավը ձեռնարկել է առողջապահության նախարարությունը։ Պաստառների վրա երիտասարդ նույնասեռական զույգեր են ու գրություն՝ «Սիրեք, ուրախացեք ու մոռացեք։ Իրադրությունը փոխվում է։ Հակաբեղմնավորման մեթոդները՝ նույնպես»։
Անժե քաղաքում այդ պաստառները նույնպես հանվել են փողոցներից։
AFP գործակալությունը հայտնում է, որ տասնյակ քաղաքների իշխանությունները դիմել են JC Decaux ընկերությանը՝ այդ պաստառները հանելու խնդրանքով։ Ըստ պայմանագրի՝ JC Decaux-ը քաղաքապետարանից գրավոր ձեւով պահանջ ստանալուց հետո պարտավոր է հանել վահանակները։ Օլնե-սու- Բուայի քաղաքապետն արգելող դեկրետ է գրել, որում ասված է, որ պատկերները «չեն համապատասխանում պարկեշտության ու բարոյականության կանոններին ու կարող են կործանարար ազդել երեխաների ու դեռահասների հոգեբանության վրա»։




























