Հայտնում են, որ վեց առաջատար արտարժույթների զամբյուղի հանդեպ ԱՄՆ դոլարի գործակիցը օրերս հասել է վերջին 13 տարիների իր առավելագույն մակարդակին։ Պարզ է, որ ԱՄՆ դոլարի ամրապնդումը այդ արժույթներով չի սահմանափակվում, ու հայկական դրամը այդ առումով բացառություն չէ։

Հայաստանում դոլարը, 2009-ից սկսած, հիմնականում ամրապնդման միտում է դրսեւորել։ Հիշեցնենք, որ 2008-ին այն մոտեցել էր 300 դրամ նշաձողին։ Հայաստանում առաջատար համաշխարհային արժույթի նման անկումը, որը համարժեք չէր միջազգային արժույթի շուկայի այն ժամանակվա միտումներին, մեր երկրում բավականաչափ  քննադատություններ էր առաջացրել։ Հաջորդ տարի Հայաստանի ԿԲ-ն ստիպված եղավ հայտնել, որ դրամն անցնում է «լողացող փոխարժեքի», որից հետո դոլարը սկսեց վերականգնել իր կորցրած դիրքերը։

Բայց նույնիսկ 2008-ի սկանդալային ցածր մակարդակի համեմատ՝ Հայաստանում դոլարը հաջորդ ութ տարիներին ամրապնդվել է միանգամայն ընդունելի շրջանակներում՝ 1․6 անգամից քիչ  (տես գրաֆիկը)։ Մինչդեռ մի շարք հետխորհրդային երկրների  արժույթի շուկայում իրավիճակը ավելի վատ էր, քան մեզ մոտ։

Եվ այսպես նշված ժամանակաշրջանում ռուսական ռուբլին ԱՄՆ դոլարի հանդեպ թուլացել է գրեթե 2․4 անգամ, ղազախստանյան տենգեն՝ մոտ 2․1 անգամ։ Հարեւան Ադրբեջանում, մանաթի քիչ թե շատ կայուն փոխարժեքի ժամանակաշրջանն անցած տարվա դեկտեմբերին փոխարինվեց սրընթաց անկումով։ Ութ տարի առաջվա մակարդակի համեմատ, մանաթը դոլարի հանդեպ թուլացել է 2․2 անգամ։

Ինչպես գիտեք, արժույթի միջազգային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքի եւ  նավթի համաշխարհային գների միջեւ հակադարձ կապ կա։ Հիմք ընդունելով այս կապը՝ երբեմն սխալ կանխատեսումներ են հրապարակում՝ թե՛ մյուս արժույթների հանդեպ դոլարի փոխարժեքի, թե՛ նավթի գների մասին։ Եվ այսպես, այս տարվա սկզբին, որոշ ռուս փորձագետներ կանխատեսել էին, որ դեկտեմբերին ԱՄՆ դոլարը Ռուսաստանում կգերազանցի 100 ռուբլին։

ՆՄան հոռետեսական կանխատեսումների համար հիմք էր ծառայել նավթի համաշխարհային գների անկումը տարեսկզբին։ Հիշեցնենք, որ հունվարին Brent տեսակի նավթի միջին ամսեկան գինը նվազել էր՝ հասնելով բարելի դիմաց 34․7 դոլարի։ Սակայն նավթն այդ ժամանակվանից հետո նկատելիորեն թանկացել է։ Օրինակ հիմա Brent–ի ֆյուչերսային գները տատանվում են բարելի դիմաց 40-50 դոլարի միջակայքում, իսկ դոլարի պաշտոնական փոխարժեքը Ռուսաստանում կազմում է ընդամենը 64 ռուբլի։

Հասկանալի է, որ մեկ ամսում այդ մեկնարկային դիրքից մինչեւ 100 ռուբլի  թռիչքն այնքան էլ իրատեսական չի թվում։ Նկատենք, որ Հայաստանի համար, բացի ամենայնից, ռուսական ռուբլու նման թուլացումը կհանգեցներ Ռուսաստանից մասնավոր փոխանցումների «դոլարային» գումարի նոր անկման։

Սմբատ Գրիգորյան