Հրթիռաշինության ու տիեզերագնացության ոլորտում տեխնոլոգիաների առկա զարգացման պայմաններում դեպի Մարս մարդկանց թռիչքները հնարավոր կլինեն միայն 2050-ից հետո, նման կարծիք է հայտնել «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Բուրենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գիտնականների հետազոտությունները մշտապես շարունակվում են աշխարհի տարբեր երկրներում։ Հնարավոր են նոր բացահայտումներ, բայց այսօրվա դրությամբ տեխնիկայի զարգացումը խոսում է այն մասին, որ Մարս մենք կարող ենք ուղեւորվել մոտավորապես 2050-ին»,- ասել է նա։

Բուրենկովի խոսքով այսօրվա դրությամբ տեխնիկապես Մարս կարող են հասնել միայն տիեզերական սարքերը, մինչդեռ մարդկանց համար նման ճամփորդությունը անվտանգության նկատառումներով անհնար է։ Հենց պաշտպանական հարցերով է հիմա զբաղվում «Ռոսկոսմոսը» Միջազգային տիեզերակայանի հետ համատեղ «ԷկզոՄարս-2016» առաքելության շրջանակում։