ԻՊ զինյալները շարունակում են Մոսուլի խաղաղ բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան, հրթիռային սարքեր ու սակրավորների տեղակայելով բնակելի տների կտուրներին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով վարչության մամուլի քարտուղար Ռավին Շամդասանին նշում է, որ արդյունքում տեղի բնակիչները երկու կրակի արանքում են հայտնվել, քանի որ կառավարական զորքերն էլ պատասխան կրակ են բացում։

«Մեզ մտահոգում է նաեւ այն հարյուրավոր մարդկանց ճակատագիրը, որոնց առեւանգել են ԻՊ զինյալները ու տարել անհայտ ուղղությամբ։ Զինյալները շարունակում են առեւանգել ու բռնի տեղահանել մարդկանց։ Սպանում են նրանց, ում կասկածում են Իրաքի անվտանգության ուժերին տեղեկություններ փոխանցելու մեջ»,- ասել է Շամդասանին։

Մոսուլից տեղեկություն է ստացվել այն մաիսն, որ նոյեմբերի 25-ին ահաբեկիչները հրապարակավ գնդակահարել են 27 մարդու։ Նրանք սպանում են նաեւ այն բնակիչներին, որոնք փորձում են փախչել քաղաքից։ Նոյեմբերի 22-ին դիպուկահարի կրակոցից սպանվել է մի յոթամյա տղա, որը փախչում էր կառավարական զորքերի կողմը։