Հայաստանի կառավարությունը վաղը` հոկտեմբերի 28-ին կքննարկի արոտավայրի եւ խոտհարքի օգտագործման մասին որոշման նախագիծը։

Դրանում ոչ մի արտառոց բան չկա, եթե հաշվի չառնենք, որ նախագիծը ներկայացրել է ոչ թե գյուղատնտեսության, այլ արդարադատության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ՝ ներկայացրած նախագիծը անասնապահների օգտին է։

Խնդիրն այն է, որ խոտհարքներից օգտվելու համար ներկայումս հարկավոր է կնքել հողօգտագործման պայմանագիր։ Դրա համար գյուղացին պետք է հասնի մարզկենտրոն, պայմանագիրը գրանցի նոտարի մոտ եւ այլն։ Մինչդեռ արդարադատության նախարարությունը գտնում է, որ խոտը հնձելը կամ անասուններին արածեցնելը առաջացնում է ոչ թե հողօգտագործման, այլ բնօգտագործման իրավունք, քանի որ հողի վրա որեւէ կառույց չի կառուցվում, ավելին, որեւէ կերպ հողը չի օգտագործվում: Իսկ բնօգտագործման համար պետք չէ կնքել հողի վարձակալության պայմանագիր, իրականացնել վարձակալության իրավունքի պետական գրանցում եւ պայմանագրերը վավերացնել նոտարական կարգով:

Կառավարությունը կհաստատի բնօգտագործման պայմանագրերի օրինակելի ձեւ, որոնք էլ իրավական հիմք կհանդիսանան արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման համար։