Մեծ Բրիտանիայում վերստեղծել են 9500 տարի առաջ Երիքովում բնակվող տղամարդու դիմագծերը։ Վերականգնման աշխատանքներն իրականացրել են Բրիտանական թանգարանի ու Բնագիտության թանգարանի մասնագետները, գրում է Seeker պորտալը։

Դեմքը վերակերտվել է 1953-ին պաղեստինյան Երիքով քաղաքի տարածքում պեղումների ժամանակ հնագետ Քեթլին Քենյոնի հայտնաբերած յոթ գանգերից մեկի միջոցով։ Գիտնականները օգտագործել են 3D մոդելավորում, իսկ բուն մոդելը գիպսից են պատրաստել։ Հետազոտողները պարզել են, որ դա հասուն տղամարդ է եղել։ Մանուկ հասակում նրա գլուխը,, ըստ երեւույթին, ինչ-որ ձեւով կապում էին, որպեսզի փոխեն   գանգի ձեւը ու այն ավելի երկարավուն դարձնեն՝ նման պրակտիկա առայսօր տարածված է որոշ մշակույթներում։

Եթե ոսկորներից հաջողվեր հանել ԴՆԹ-ն, ապա հնարավոր կլիներ վերականգնել նաեւ տղամարդու աչքերի ու մազերի գույնը։ Սակայն այդքան հին մարդկային աճյուններում ԴՆԹ-ն գրեթե չի պահպանվում։ Բացի դրանից գանգը փչացնելու վտանգ կա։ Գիտնականները հույս ունեն, որ մոտ ապագայում տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ իրենց այնուամենայնիվ կհաջողվի անել դա։