Առայժմ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել դեկտեմբերի 11-ին Եգիպտոսի մայրաքաղաքի ղպտիական եկեղեցում տեղի ունեցած պայթյունի համար, որի հետեւանքով զոհվել էին 25 հավատացյալներ ու վիրավորվել 49-ը։ Պայթյունի պահին ղպտի քրիստոնյաները կիրակնօրյա պատարագի էին մասնակցում իրենց եկեղեցում։ Պատարագը Մուհամեդ մարգարեի ծննդյան առթիվ ազգային տոնակատարության նախօրեին էր։ Պայթյունից հետո իր ելույթում նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին, գեներալը, որը 2013-ին տապալել էր իսլամական կառավարությունը, կրկնել է իր վաղեմի խոստումը՝ կրոնական լարվածությունը մեղմելու ու փոքրամասնությունը պաշպանելու մասին։ Եգիպտոսի բազմաչարչար քրիստոնաներն այդ երգը վաղուց են լսում, հայտնում է The Economist-ը։

Այդուհանդերձ, հավատքի ազատության բոլոր պահապանների համար ղպտի քրիստոնյաները պարադոքս են։ Գիտակների մեծ մասը համամիտ է, որ 2013-ից հետո այդ մեծ ու պատմականորեն կարեւոր կրոնական համայնքին ժպտում է հաջողությունը։ 2013-ին նրանց համար սեւ ժամանակներ էին սկսվել, չարագործները հարձակվում էին նրանց եկեղեցիների, համայնքների, ունեցվածքի վրա։ Երկրում, որտեղ միջդավանանքային լարվածությունն  անսպասելիորեն դուրս է գալիս հսկողությունից, իսկ մարդու իրավունքները հաճախ կոպտերեն խախտում են, քրիստոնյաների կյանքը հարմար ու անվտանգ չէ։

Այսպես թե այնպես ալ Սիսին կապեր էր հարթել Տավադրոս պապի հետ, որը  98 մլն եգիպտացիների 10-15 տոկոսը կազմող ղպտի քրիստոնյաների առաջնորդն է։ Հետագա երկու տարիներին նախագահը մասնակցել էր Սուրբ ծննդյան քրիստոնեական տոնակատարությանը, որը Կահիրեում հունվարին է նշվում։ Ալ Սիսիի կառավարությունը պաշտպանում էր ղպտիների առաջոնորդին, իսկ նա Եգիպտոսում ու աշխարհի մյուս երկրներում իր հետեւորդներին համոզում էր զերծ մնալ նախագահին քննադատելուց։ Սակայն որոշ շարքային եգիպտացի քրիստոնյաներ համարում էին, որ իրենց հոգեւոր առաջնորդը չափազանց հարգալից է նախագահի հետ ու չի շտապում ձեւակերպել համայնքի դժգոհությունները։

ԱՄՆ կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը, Վաշինգթոնի երկու կազմակերպություններից մեկը, որը հետեւում է հավատի ազատությանը, իր վերջին տարեկան հաշվետվությունում ընդունել է, որ Կահիրեի կառավարությունը «որոշակի դրական քայլեր է արել կրոնական ազատության խնդիրը լուծելու համար», օրինակ կանխելով ծայրահեղական ազդանշանները մուսուլմանական քարոզներում ու դպրոցներում։ Ի լրումն նվազել են կրոնական հողի վրա քրիստոնյաների վրա հարձակումների քանակը, իսկ 2013-ի բռնությունից հետո իրականացվել են դատավարություններ, թեկուզեւ անբավարար քանակով։

Նախագահը քրիստոնյաներին պետական օգնություն է հատկացրել հարձակումներից տուժած եկեղեցիների վերականգնման համար։ Ներկա խորհրդարանի 596 անդամների շրջանում քրիստոնյաների քանակը անսովոր շատ է ՝ 36 մարդ։