ՀՀ պետական սահմանն այս տարվա օգոստոսին հատած եւ Նախիջեւանի տարածքում հայտնված Հենրիկ Աղեկյանը, որին մեղադրանք է առաջադրվել, փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա փաստաբան Անդրանիկ Մնացականյանը:
«Հենրիկ Աղեկյանը գտնվում է հոգեբուժարանում, դատարանը պետք է որոշում կայացնի բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին»,- ասաց նա:
Ըստ մեղադրական եզրակացության` Աղեկյանը 2016թ. օգոտսոսի 5-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ պայմաններում Արարատի մարզի Այգեպատ գյուղում գտնվող իր տնից դուրս է եկել, առանց համապատասխան փաստաթղթերի և առանց համապատասխան թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցել է Նախիջևանի տարածք: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` aռանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նշենք, որ երբ հայտնի դարձավ, որ Հենրիկ Աղեկյանը հատել է սահմանը, խոսակցություններ կային, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի եւ նախկինում հաճախ է տնից անհետացել:



























