ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հրամանագիր է ստորագրել Ռոլանդ Շառոյանին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, դեկտեմբերի 07-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 3 թեկնածուներից հաղթող ճանաչել Ռոլանդ Դանիելի Շառոյանին՝ հաշվի առնելով լրագրության բնագավառում, մասնավորապես՝ հեռուստատեսությունում եւ մամուլում, ինչպես նաեւ գրականության ասպարեզում նրա բեղմնավոր գործունեությունը, կառավարման բնագավառում՝ պետական կառավարման համակարգում, երկարամյա աշխատանքային փորձը եւ հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:

 Ռոլանդ Դանիելի Շառոյան

(Կենսագրական համառոտ տվյալներ)

Ծնվել է 1952թ. օգոստոսի 11-ին, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում:

1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը եւ ստացել ժուռնալիստի որակավորում:

1975-1976թթ. աշխատել է հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում՝ որպես ֆիլմի տնօրեն, 1976-1977թթ.՝ հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրության խմբագիր, իսկ 1977-1986թթ. ՝ «Ծիծեռնակ» ամսագրի խմբագրության գրական բաժնի վարիչ: 1986-1994թթ. աշխատել է «Գարուն» ամսագրում՝ որպես արձակի բաժնի վարիչ, 1993 թվականից հիմնադրել եւ առ այսօր խմբագրում է «Մարզաշխարհ» թերթը: 1998-2003թթ. եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար: 2004-2009թթ. աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ: 2003 թվականից Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Մարզական լրագրության եւ շախմատի ամբիոնի վարիչն է:

1982 թվականից Հայաստանի գրողների միության եւ ժուռնալիստների միության անդամ է:

Հայաստանի գրողների միության եւ «Գարուն» ամսագրի մրցանակակիր է, գրականության եւ արվեստի ասպարեզում «Վահագն» մրցանակի դափնեկիր: Կինոյի ասպարեզում ունեցած ներդրման համար, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի, Մանթաշովի անվան շքանշանակիր է:

Պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

1979թ.-ից առ այսօր հրատարակվել են Ռոլանդ Շառոյանի վիպակների, պատմվածքների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, լրագրագիտական աշխատությունները, ուսումնական ձեռնարկներն ու մենագրությունները: 21 գրքի հեղինակ է: Ռոլանդ Շառոյանի աշխատանքները թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, սլովակերեն, չեխերեն, տաջիկերեն, վրացերեն լեզուներով: