Կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքներով մենք ապահովում ենք քաղաքական- հասարակական միավորումների հեշտ ծնունդն ու մահը: Այսօր` դեկտեմբերի 15-ին, ԱԺ նոր Կանոնակարգ- օրենքի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:
«Կուսակցությունների մասին նոր օրենքը բավական լիբերալ լուծումներ ունի եւ հեշտացնում է կուսակցությունների կյանքը, ես ավելի ռադիկալ մոտեցումների կողմնակից էի` ընդհանրապես ամեն ինչ հեշտացնենք, ձեւականությունների հետեւից չընկնենք: Բայց որոշում կայացվեց այնպես, ինչպես կայացվեց: Նույնը վերաբերում է նաեւ հասարակական կազմակերպություններին, մենք պետք է ապահովենք, որ քաղաքական-հասարակական միավորումները հեշտ ստեղծվեն եւ հեշտ լուծարվեն, թե ինչպես են ընթացքում ապրում, դա իրենց գործն է, իրենց ներքին խնդիրն է: Հայտնի ֆիլմ կա «3+2», ասում է` ամուսնացեք, բաժանվեք, խորտակվեք, միայն մեզ մի անհանգստացրեք, կուսակցությունները պետք է հետաքրքրվեն պետությանը ընտրությունների ժամանա»,- ասաց պատգամավորը:
Իր ելույթի վերջում միայն Լեւոն Մարտիրոսյանն անդրադարձավ քննարկվելիք նախագծին. Կանոնակարգ- օրենքում երկու խնդիր կա. «Պատգամավորների պարտականությունների մեջ մի դրույթ կա, որին ես կտրականապես դեմ եմ, դա ձեւական պարտականություն է. չի կարելի պարտադրել քաղաքացիների ընդունելություն կազմակերպել, սա պատգամավորի իրավունքն է: Մյուսը խմբակցություններից կամավոր դուրս գալն է կամ հանելը, սա քաղաքական սկզբունքային խնդիր է»:





























