Տարածաշրջանում ռուսական ներկայությունը եւ երկու երկրների միջեւ ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարեւորագույն զսպող գործոն են, որոնք խոչընդոտում են ռազմական գործողությունների վերսկսմանն ու նպաստում տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանմանը: Lenta.ru-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ ռուսական ռազմաբազան ներառված է Հայաստանի տարածքում ստեղծված հայ-ռուսական զորամիավորման կազմում: «Մենք զորքերի օգտագործման համատեղ օպերատիվ պլանավորում ենք իրականացնում՝ համատեղ անվտանգության ապահովման շահերից ելնելով, իսկ Հայաստանի ԶՈՒ-ի եւ ռուսական ռազմաբազայի ավիացիաները հաջողությամբ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում՝ կատարելով մեր օդային սահմանների անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրը»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Նախարարը հիշեցրել է, որ 2010 թվականին միջպետական արձանագրություն է ստորագրվել, որով Հայաստանի տարածքում ռուսական բազայի տեղակայման ժամկետը 25-ից 49 տարի է դարձել, այսինքն՝ մինչեւ 2044 թվականը:

«Ուզում եմ ընդգծել, որ նախաձեռնողը Հայաստանն էր: Կարեւոր է նշել, որ մանդատի ձեւակերպման մեջ զգալի փոփոխություն է արվել: Նախկինում բազան պատասխանատու էր միայն նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմանների պաշտպանության կազմակերպմանը մասնակցության համար, իսկ տեղակայման ժամկետի երկարաձգման արձանագրությունում այս ձեւակերպումը հանվել է. հիմա բազան Հայաստանի պաշտպանական համակարգի մաս է կազմում»,- հայտարարել է Սարգսյանը:

Պատասխանելով երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորության մասին հարցին՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ, իր կարծիքով, արդիական է դառնում Գյումրիում հայ-ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման նախագիծը: «Այն կարող է գործարար, ռազմա-տեխնիկական համագործակցություն ձեւավորելու հարթակ դառնալ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ սահմանակից Իրանի միջեւ: Գյումրիում աշխատատեղերի ստեղծմանը զուգահեռ, ռազմարդյունաբերական համատեղ ձեռնարկությունը քաղաքի ժողովրդավագրական վիճակի բարելավման գործոն կդառնա եւ կամրապնդի տեղի հայ բնակչության եւ ռուսական ռազմաբազայի զինծառայողների սոցիալական կապերը»,- նշել է նախարարը: