Հունվարի 9-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված 2017թ. զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը, որին ներկա էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ՊԲՀ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ:
Ողջունելով զորակոչիկներին՝ վերջիններս մաղթել են բարի ծառայություն եւ վստահություն հայտնել, որ նոր զորակոչի արդյունքում պաշտպանության բանակը կհամալրվի նախորդների ձեռքբերումները գերազանցելու պատրաստ հայրենյաց պաշտպաններով:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիսավոր միտինգի ավարտին անցկացված վիճակահանության արդյունքներով՝ նորակոչիկներն ընտրել են իրենց հետագա ծառայության վայրը:





























