Մերձավոր Արեւելքում տեղի են ունենում շատ կարեւոր փոփոխություններ. արաբները դիրքերը զիջում են: Այս մասին հունվարի 10-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս արաբական շատ երկրներ նորմալ վիճակում չեն: «Փաստորեն, որոշակիորեն կրկնվում են 100-ամյա վաղեմության իրադարձությունները, երբ արաբական երկրները որպես պետություն ստեղծվեցին Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրով: Հիմա նույն բանը Թուրքիայում է կատարվում: Ներկա պայմաններում ոչ արաբական երկրները, առաջին հերթին Իրանը, Թուրքիան եւ ինչ-որ չափով Իսրայելը իրենց դիրքերը կամրապնդեն»,- նշեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ ներկայիս միտումների պարագայում Թուրքիան ձգտում է Մերձավոր Արեւելքում գերակա դիրքի հասնել:
1916 թվականի մայիսի 16-ի Սայքս-Պիկոյի համաձայնագիրը (The Sykes-Picot Agreement) Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ավելի ուշ Իտալիայի կառավարությունների միջեւ կնքված գաղտնի համաձայնագիր է, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մերձավոր Արեւելքում շահերի ոլորտները սահմանազատվել են:




























