16-ամյա Խաչիկ Ղազանչյանի սպանության մեջ մեղադրվող Սուրեն Մուրադյանի շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանը փորձագետներին հարցաքննելու միջնորդություն է ներկայացրել: NEWS.am-ի հետ զրույցում Արտակ Ոսկանյանը նշեց, որ համաձայն չէ ստացված դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության արդյունքների հետ, ըստ որոնց իր պաշտպանյալը սպանությունը կատարելու պահին աֆեկտի վիճակում չի եղել:

«Մենք ուզում ենք, որ օբյեկտիվ քննություն իրականացվի եւ այդ պատճառով էլ միջնորդույուն եմ ներկայացրել փորձագետներին հարցաքննելու համար: Դատարանը բավարարել է միջնորդությունս»,-ասաց նա:

Սուրեն Մուրադյանի պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալը տառապում է վարքի եւ հույզերի խառը խանգարումներով, գրանցված է Ավան հոգեբուժական կլինիկայում, ենթակա չէ զինվորական ծառայության:

Նշենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Սուրեն Մուրադյանին ենթարկել դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության: Փորձաքննությունը պետք է պարզեր՝ արդյոք Սուրեն Մուրադյանը սպանության պահին եղել է աֆեկտի, կամ այնպիսի  վիճակում, որը կազդեր այնքան, որ չգիտակցեր, թե ինչ է անում:

Հիշեցնենք, որ Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 6-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից նա դեպքից մոտ մեկ ամիս անց մահացել է: