Հայաստանում խտրական վերաբերմունքի խնդիրը մի քանի ասպեկտ. առաջինը հենց խտրական վերաբերմունքն է, որ հասարակության մեջ առկա է, երկրորդը կնոջ նկատմամբ վերահսկողական վարքն է հանրության կողմից, նրա անձնական կյանքի վերաբերյալ, երրորդը պետության վերաբերմունքն է, որը նպաստում է բավական խտրական, երբեմն ազգայնական, անգամ ազգայնամոլական կարծիքներ հնչեցնելուն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Խառնամուսնությունները Հայաստանում եւ հանրության վերաբերմունքը. արձագանքներ Մարաշլյան ֆոտոստուդիայի լուսանկարի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, խտրական վերաբերմունքը ամբողջ տարվա կտրվածքով իրավապաշտպանների կողմից արձանագրվում է: «Շատ հաճախ դա տեղի է ունենում հենց կանանց նկատմամբ, երբ դա վերաբերում է մարդու անձնական ընտրության իրավունքներին: Քանի որ ավանդական մտածելակերպի մեջ կինն ընկալվել է որպես համայնքի սեփականություն, բոլոր տղամարդիկ որոշում են կայացրել, թե կինը ում հետ ամուսնանա: Կինը հանդիսացել է որակական հատկանիշներ ունեցող ապրանք, այսինքն լավ ապրանք ենք տալիս, ուստի վերահսկում ենք, թե ում հետ ամուսնանա եւ ինչպես պետք է շարունակվի գենը: Բացի կնոջ կյանքի վերահսկողությունը, կա նաեւ անձնական կյանքի իրավունքի խախտում»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով խնդրի վերաբերյալ պետական քաղաքականությանը, Զարուհի Հովհաննիսյանը նկատեց, որ պետական տարբեր այրերի կողմից հնչում են խտրականություն դրսեւորող կարծիքները, որոնք ոչ միայն անպատասխան են մնում, այլեւ նման կարծիք հայտնածները հետագայում ունենում են առաջխաղացումներ:

«Օրինակ, 2012 թվականին DIY ակումբի հրկիզման ժամանակ այդ արարքին անմիջական մասնակցում էին ՀՅԴ-ին հարող երիտասարդները, Արծվիկ Մինասյանը, ով ԱԺ պատգամավոր էր, հայտարարել էր, որ նրանք իրացրել են այն սկզբունքները, որոնք բխում են ազգային պահպանողականությունից: Նա հպարտացել էր ակումբը հրկիզողներով, նաեւ կոշտ խտրական կարծիքներ էր հայտնել ակումբի սեփականատիրոջ հասցեին, որ նրա գոյությունը Հայաստանում վտանգում է հայկականությանը կամ ազգային պահպանողականությանը: Այդ անհատը ոչ միայն դիմադրություն չէր ստացել պետական որեւէ ատյանի կողմից, անգամ օմբուդսմենի կողմից, այլեւ մի քանի նախարարություններ էր ղեկավարել, հիմա էլ բնապահպանության նախարարն է: Այսինքն շատ պետական բարձր պաշտոնյաները նույնպես կարծրատիպային ու  խտրական վերաբերմունքի կրողներ են»,-ընդգծեց նա: