Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող, Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանի ընտանիքն այսօր՝ հունվարի 11-ին, դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներսեսի քույրը՝ Վարսիկը: Նա նշեց, որ իր եղբայրն արդեն 27 օր հացադուլի մեջ է՝ հյուծված եւ ծանր վիճակում, սակայն, Հայաստանի պատկան մարմինները որեւիցե քայլ չեն ձեռնարկում նրան այդ վիճակից դուրս բերելու ուղղությամբ:
«Կարմիր խաչ դիմում ենք ներկայացրել, նկարագրել ենք մանրամասն՝ ինչպես է եղբայրս անազատության մեջ հայտնվել, ինչպես են անհիմն ամեն անգամ նրա կալանքի ժամկետը երեկարձգում եւ որ արդեն 27-րդ օրը հացադուլ է անում, բայց պատկան մարմինները անտարբեր են, չեն մտածում նրա կյանքի մասին: Ներսեսն իսկապես լուրջ է տրամարդված, նա ջրադուլ է սկսելու, բայց մենք չենք ուււոմ, որ նա գնա այդ քայլին, վտանգի իր կյանքը: Մայրս տեսակցել է նրան եւ նա հազիվ է կարողցել խոսել հետը, որովհետեւ շատ թույլ է եղել»,-ասաց նա:
Վարսիկը նշեց, որ ԿԽՄԿ-ից խոստացել են դիմումին պատասխանել այսօր: Ներսես Պողոսյանի քրոջ խոսքով, Ներսեսի մայրն այժմ ՀՀ գլխավոր դատախազությունում է եւ հանդիպում է պահանջում դատախազի հետ. «Մենք ժամանակ չունենք, գիտենք, որ եղբորս վիճակը շատ վատ է: Մայրս ուզում է Արթուր Դավթյանին հանդիպի, ներկայացնի իրավիճակը, լուծում է պահանջում, բայց դեռ չի կարողացել նրան հանդիպել, որովհետեւ ասում են դեռ տեղում չէ»,-ասաց նա:
Ավելի վաղ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ հունվարի 10-ին տեսակցել է հացադուլի մեջ գտնվող իր պաշտպանյալին, որը եղել է հյուծված, թույլ եւ գունատ:
Ներսես Պողոսյանը բողոքում է իր քրեական գործի դեմ եւ պահանջում է իրեն ազատ արձակել:
Նշենք, որ Ներսես Պողոսյանն ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարատվել է, գործն ուղարկվել է դատարան:





























