Եթե տարածքային ցուցակում լինեն ընդունելի թեկնածուներ, ընտրողը հաշվի չի առնելու, թե այդ թեկնածուն որ կուսակցությունից է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Կիլիկիա գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ իշխանությունից դժգոհ քաղաքացիները չեն քվեարկելու ՀՀԿ-ականների օգտին:
Հակոբ Հակոբյանը երկու անգամ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Տավուշի մարզից: Առաջիկա ընտրություններում էլ առաջադրելու է թեկնածությունը տարածքային ցուցակով, որը, իր կարծիքով, գրեթե նույն մեծամասնական ընտրակարգն է: Պատգամավորն ասաց, որ սպասում է կուսակցության որոշմանը, եթե առաջադրեն թեկնածությունը, ոչ մի խնդիր չի տեսնում:
Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն` յուրաքանչյուր ընտարկան տարածքում ռեյտինգային ցուցակով կարող է առաջադրվել 5-7 թեկնածու նույն կուսակցությունից, ինչի պատճառով միեւնույն կուսակցության անդամներն այս անգամ ստիպված են կատաղի պայքար մղել միմյանց դեմ:
Երկու անգամ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը համոզվել է, որ կուսակցության հանդեպ ժողովրդի բացասական վերաբերմունքը չի ազդում նույն կուսակցությունից առաջադրվող թեկնածուների ձայների վրա, եթե վերջիններս պատգամավորական տարիներին չեն անտեսել տվյալ տարածքի ընտրողների խնդրանքները:
«Ոնց որ նախկինում մեծամասնականն էր, հիմա նույնը մոտավորապես ռեյտինգայինն է, անձի խնդիր է, ոչ թե կուսակցության: Բնականաբար, հնարավոր է, որ մարդը չուզենա կուսակցությանը ընտրի, բայց եթե տարածքային ցուցակում լինեն իր համար ընդունելի թեկնածուներ, բնականաբար, իրենք, կարծում եմ, հաշվի չեն առնելու, թե էդ թեկնածուն որ կուսակցությունից է: Ես ՀՀԿ անդամ եմ 5 տարի արդեն եւ քաղաքացիների հետ աշխատել եմ որպես Հակոբ Հակոբյան: Հիմա եթե գտնեն, որ որպես Հակոբ Հակոբյան` օգնել եմ ցանկացած հարցով, ճիշտ եմ աշխատել, էդ դեպքում հաշվի չեն առնի` որ կուսակցությունից է թեկնածուն եւ կընտրեն»,-մանրամասնեց իշխանական պատգամավորը:
Նրա համոզմամբ` կուսակցության հաղթանակը պայմանավորված է տվյալ տարածքում առաջադրվող թեկնածուի հեղինակությամբ:




























