Քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը ոչ թե գործող համակարգի դեմ է պայքարում, այլ փորձում է մաս կազմել այդ համակարգի: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
«Այս պահին քաղաքական ուժերը քննարկում են միայն մի հարց՝ ով ում հետ համագործակցի, դաշինք կազմի: Նրանք փորձում են համագործակցության եզրեր փնտրել միայն մեկ հարցի շուրջ՝ ինչպես մտնել Ազգային ժողով, իսկ թե ինչ պետք է անեն հետագայում, պատասխան դեռ չկա: Գաղափարների շուրջ քննարկում եւս չկա, որովհետւ բոլորի ծրագրերը նույնն են՝ ստանդարտ ֆրազներով»,-ասաց նա:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ նշեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքականության խաղի կանոններն ամբողջովին փոխվել են. եթե նախկինում հնարավոր էր ընտրություններին մեկ հոգով թեկնածուն առաջադրվեր ու իշխանությանը մարտահրավեր նետեր, այժմ ընտրական համակարգն ստիպում է, որպեսզի թիմային աշխատանք կատարվի:
«Հենց դա է պատճառը, որ այժմ կուսակցությունները միայն բանակցությունների ուղղությամբ են աշխատանք կատարում, որոնց միջոցով փորձում են գոնե կարողանալ մինիմալ ցուցակով ներկայանալ»,-ասաց նա:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի խոսքով էլ Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտի հիմնական դերակատարներն ազատ չեն խոստովանելու 25 տարվա ընթացքում վարված քաղաքականության սխալները, որովհետեւ իրենք նախկինում մաս են կազմել այդ քաղաքականության:




























