«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, այժմ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը 2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մի շարք առաջարկներ է ստացել տարբեր ուժերից:
«Այս պահին դիտարկում եմ այն ցուցակները, հոսանքները, որոնք կարող են ինձ հետաքրքրել կամ մոտ լինել իմ պատկերացումներին, որոնք շատ չեն: «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանից առաջարկ եմ ստացել եւ առաջնային դա եմ քննարկում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով. «Որոշ բաներ տեղում խոսել ենք, վերջնական որոշում դեռ ընդունված չէ: Դեռ քննարկելու բաներ կան»:
Հարցին, թե սկզբունքորեն որոշում ունի՞ մասնակցել առաջիկա ընտրություններին, քաղաքագետը պատասխանեց. «Այո, արդեն գրեթե մոտավորապես 95 տոկոսով, իմ պարագայում նման ցանկություն կա, մնացածը կախված է նրանից, թե թիմը, ծրագիրը որքանով համահունչ կլինի ծրագրին: Մեկ տարվա ընթացքում եղել են նման առաջարկներ: Մեկ տարի առաջ ցանկություն չկար, այդպիսի որոշում չունեինք: Վերջին շրջանում եւս եղել են առաջարկներ, սակայն թույլ տվեք չասել, թե էլի որ ուժերից»:
Ինչ վերաբերում է ընտրություններից առաջ ստեղծված ներքաղաքական իրավիճակին, եւ նրան, թե նոր դաշինքների ստեղծումը որքանով է հեշտացնում կամ բարդացնում Աժ-ում հայտնվելու իր շանսերը, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ իրավիճակն այնքան հեշտ չէ ընտրություններին մասնակցելու համար, լուրջ ծրագրեր են պետք հաշվի առնելով հասարակության օտարվածությունը, անվստահությունը քաղաքական ուժերի նկատմամբ: Մյուս կողմից տարբեվող թիմի, գրագետ արշավի դեպքում՝ շանսերը նույնպես քիչ չեն»:





























