Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը 30 օր անց (դեկտեմբերի 15-ից) դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ներսես Պողոսյանի քույրը՝ Վարսիկ Վարժապետյանը:

Նրա խոսքով, նախօրեին Ներսեսին են այցելել մայրն ու եղբայրը եւ հորդորել դադարեցնել հացադուլը. «Մայրիկիս առողջական վիճակը վատացել է, ու Ներսեսը չի կարողացել մերժել նրան: Բացի այդ, երկու օր առաջ Ներսես Պողոսյանին են այցելել նաեւ Կարմիր Խաչից, զրուցել են, ծանոթացել են վիճակին եւ նույնպես հորդորել են դադարեցնել հացադուլը: Բայց նրա պահանջները ուժի մեջ են: Ներսեսը պահանջում է փոխել իր խափանման միջոցը»:

Նշենք, որ Ներսես Պողոսյանի կինը 2 օր առաջ հանդիպել է դատախազ Պետրոս Պետրոսյանին, վերջինս խոստացել է, որ գործը կվերանայեն. «Դատախազն ասել է, որ անպայման ինչ-որ արձագանք կլինի խնդրին, կքննարկեն  2-3 օրվա մեջ: Լիան, սակայն, ասել է, որ ծայրահեղ վիճակում է: Հիմա պատասխանի ենք սպասում»,-ասաց Ներսեսի քույրը:

Ներսես Պողոսյանը հացադուլով պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը, նա ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: