«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում անգամ ամենատարրական հարցը  պատասխան չունի, քանի դեռ կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի հայտարարել իր վերադարձի մասին հստակ:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը  NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ կուսակցության ու ընտրական գործընթացներին վերաբերող հարցերին չի անդրադառնալու, քանի դեռ Ծառուկյանի հայտարարությունը չի հնչել:

Նշենք, որ Ծառուկյանը պետք է օրերս հայտարարեր  քաղաքականություն վերադառնալու մասին վերջնականապես, սակայն սպասված ժամկետներից անգամ ուշանում է: Չնայած  հայտարարության ձգձգվելուն` կուսակցության վերնախավը համոզված է, որ նա վերադառնալու է քաղաքականություն:

Կուսակցության համամասնական ցուցակում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ընդգրկելու հարցը եւս  հստակեցված չէ, սակայն  չի բացառվում, որ լինի կուսակցության ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի պատասխանատու Բորիս Մուրազին:

«Մենք շահագրգիռ ենք, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը լինի մեր համամասնական ցուցակում: Մեր կուսակցությունը միակն է, որ իր ենթակառուցվածքում ունի ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողով, որը ղեկավարում է Բորիս Մուրազի: Մենք ակտիվ զբաղվում ենք իրենց խնդիրներով, բայց չենք զբաղվում նրա համար, որ  պարտական լինեն իրենց քվեն մեզ տալու: Որ մենք կներառենք համամասնական ցուցակում ազգային փորքամասնության ներկայացուցչի,  դա  կասկածից վեր է: Չի բացառում, որ Բորիս Մուրազին էլ կլինի: Բոլոր հարցերը, քննարկումները վերջնականապես կավարտվեն  Ծառուկյանի   հայտարարությունից հետո»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ նոր Սահմանադրությամբ` քաղաքական ուժերը պարտավոր են համամասնական ցուցակներում ընդգրկել ազգային փոքրամասնությունների ներկայցուցիչների: Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը մեզ հետ զրույցում  հայտարարել էր, որ  Հայաստանում ազգային փոքրամասնությունները միշտ էլ իշխանություններին են սատարել: