Համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ ՊՆ-ի եւ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի միջեւ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 14-ին, ընդունել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին եւ հիմնադրամի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանին։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության եւ պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցման նոր համատեղ ծրագրի նախաձեռնության ու պատրաստակամության համար։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ծրագիրը կնպաստի զինվորների կրթական հնարավորությունների ավելի լայն շրջանակի ձեւավորմանը։ «Պետք է այնպես անել, որպեսզի զինվորական ծառայության տարիները նպաստեն ոչ միայն ֆիզիկական ամրապնդմանը, ռազմական ունակությունների ու մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլեւ ընդհանուր գիտելիքների հարստացմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։
Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց հերթին վստահություն են հայտնել, որ ծրագիրը հաջողելու է, աշխատանքը լինելու է արդյունավետ եւ շարունակական։
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիրը։
Հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակում հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստակամ է պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանել 21-րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։ Ուսումնական ծրագիրը ներառում է կենտրոնի արտադպրոցական ծրագրի 14 ուսումնական ոլորտների ընտրանին։
Ծրագրում ներառված են հետեւյալ ուղղությունները՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում։
Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով եւ 18 ամիս ժամկետով։ Դասընթացներն անցկացվելու են երեք` սկսնակ, միջին եւ առաջադեմ մակարդակներով։





























