Հունվարի 14-ին տեղի ունեցավ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ-ծառայողական գործունեության 2016 թ. արդյունքների ամփոփիչ օպերատիվ խորհրդակցությունը, որին ներկա էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Բացելով օպերատիվ խորհրդակցությունը՝ Հունան Պողոսյանը խոսեց Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից 2016 թ. ընթացքում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ աշխատանքների արդյունքում ունեցած ձեռքբերումների եւ ի հայտ եկած թերությունների մասին, ինչպես նաեւ նախանշեց ՔՀԳ վարչության 2017 թ. անելիքները:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանն ամփոփ տեղեկություններ ներկայացրեց ՔՀԳ վարչության կողմից 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես, բացահայտած ընթացիկ եւ նախկին տարիներին կատարված հանցագործության բազմաթիվ դեպքերի եւ հասարակական կարգի ապահովմանն ուղղված լայնածավալ միջոցառումների մասին:
Զեկույցներով հանդես եկան ՔՀԳՎ պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, ՔՀԳՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը, ինչպես եւ ՔՀԳՎ վարչությունների եւ բաժինների պետերը: Ելույթ ունեցողները տեղեկություններ ներկայացրին ստորաբաժանումների 2016 թ. ձեռքբերումների ու թերությունների վերաբերյալ եւ ուղիներ նախանշեցին թերությունները շտկելու ուղղությամբ:
Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ ոստիկանության ՔՀԳ վարչության պետ Սամվել Ասատրյանը տեղեկացրեց, որ տարեվերջին ՔՀԳ վարչությունում ստեղծվել է ՔՀԳՎ 4-րդ՝ օպերատիվ հետախուզական տեղեկատվության վարչությունը, որը էապես կբարելավի հանցագործությունների բացահայտման ու հետախուզվողների հայտնաբերման աշխատանքները, միաժամանակ հույս հայտնելով, որ 2017 թ. ընթացքում ՔՀԳ վարչության անձնակազմը գործուն միջոցներ կձեռնարկի ծանր, առանձնապես ծանր եւ հնչեղություն ունեցող, ինչպես եւ նախկին տարիներին կատարված եւ չբացահայտված հանցագործությունների դեպքերի բացահայտման ուղղությամբ, միաժամանակ, բարելավելով նաեւ հանրապետությունում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման աշխատանքները:





























