Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները երբեւէ այսքան ամուր չեն եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:
Ըստ դեսպանի՝ հայ-հնդկական հարաբերություններում ամենաամուր կողմը մշակութային մերձավորությունն է. «Պատմականորեն շատ առընչություններ են եղել երկու ժողովրդների միջեւ, եւ նրանք շատ մոտ են իրար մշակութապես, շատ ընկերական եւ հարազատական հարաբերություններ են ձեւավորվել»:
Նրա կարծիքով՝ երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները չեն սահմանափակվում միայն մշակութային ոլորտով, եւ նոր հեռանկարներ կան նաեւ տնտեսական համագործակցության համար:
«Հայաստանի եւ Հնդկաստանի հարաբերություններն այժմ այնքան ամուր են, որքան չեն եղել երբեւէ: Առավել եւս, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ուզում է լինել բիզնեսում թափանցիկ եւ խրախուսել ներդրումները, ես կարծում եմ հեռանկարները բավականին խոստումնալից են»,- ասաց Յոգեշվար Սանգվանը:




























