Պետությունը կարող է եւ պետք է կարգավորի գնային վայրիվերումները: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը:

«Պետությունը կարող է կառավարել գնային տատանումները: Նա  անձամբ պետք է գնում կատարի, որպեսզի գնաճի ժամանակ ինքը իր ապրանքը շուկա մտցնի եւ այդպիսով կարողանա պահպանել շուկայի կայունությունը: Հիմա յուրաքանչյուր տնտեսվարող իր գինն է դնում, մոտենում ասում ես ինչի՞ է այսքան թանկ, ասում է իմ ապրանքն է, ինչ ուզում անում եմ»,-ասաց նա:

Ակադեմիայի նախագահի խոսքով՝ նրանք պատրաստվում են ծրագիր ներկայացնել կառավարություն, որով  շուկան կկարգավորվի:

«Տնտեսագետների հետ միասին կհավաքվենք, կառավարության համար մի ծրագիր կմշակենք, որպեսզի գները կայուն լինեն: Մի քանի տարի առաջ Կենտրոնական բանկին այդպիսի ծրագիր առաջարկվել է, սակայն չգիտես ինչու հրաժարվեցին ի կատար ածել: Ծրագրի համաձայն, եթե տնտեսվարողը գները կամայականորեն բարձրացնի տույժի կենթարկվի, արդեն պետության կողմից»,-ասաց ակադեմիայի նախագահը՝  Մելիտա Հակոբյանը:

Նա նշեց, որ փետրվարին առաջարկը կներկայացվի կառավարությանը: Մինչ այդ նրանք հարցի քննարկման համար դիմել են վարչապետին, սակայն նա նրանց չի ընդունել: