Թերթը նշում է, որ Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ անկախ նրանից՝ պետակա՞ն են, թե՞ ոչ պետական, օրենսդրության համաձայն, պետք է ունենան գրադարան: Սակայն, ինչպես պարզել է Վերահսկիչ պալատը, օրենսդրության վերը նշված պահանջը խախտվել է «Ռոսլին» արվեստի ինստիտուտի, Երեւանի կառավարման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի, Լեւոն Օրբելու անվան համալսարանի, հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն կրթական հիմնադրամի, Երեւանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից:  Ստացվում է, որ առնվազն 5 բուհի ղեկավարների համար կարեւորը ուսանողներին գիտելիք հաղորդելը չէ, այլապես միջոցներ կձեռնարկեին եւ կունենային մի այնպիսի «ավելորդություն», ինչպիսին գրադարանն է, կամ առնվազն կկնքեին համապատասխան գրադարանի օգտագործման իրավունքը հավաստող պայմանագիր:

Ընդգծենք, որ այս փաստերը հայտնի են դարձել ՎՊ-ի կողմից 2010թ. ապրիլի 7-ից հոկտեմբերի 1-ն իրականացված վերահսկողության շնորհիվ: ՎՊ-ի կատարած բացահայտումները, սակայն, վերը նշվածով ոչ թե ավարտվում, այլ, ցավոք, սկսվում են միայն:

Մասնավորապես պարզվել է, որ չնայած կրթության եւ գիտության նախարարության գոյությանը, Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանը փաստացի կրթական գործունեություն է իրականացնում առանց պետական լիազորված մարմնի կողմից այդ գործունեությունն իրականացնելու համար նախատեսված լիցենզիայի:

Կարելի է մտածել, թե այդ գործունեությունը գաղտագողի է իրականացրել, որ ոլորտի իրավասուներն ու պատասխանատուները չեն նկատել: Ոչ իհարկե: Նշված համալսարանն իր կրթական գործունեության իրականացումը գովազդել, այդ մասին հայտնել է «Հայաստանի բուհերը» տեղեկատուի 288-րդ էջում, www.BEM-group.narod.ru վեբկայքում, «Սփյուռ» տեղեկատվական համակարգում:

Համաձայն Հայաստանում գործող շիննորմերի, բուհերի ընդհանուր մակերեսը մեկ ուսանողի համար հաշվարկվում է առնվազն 8.02 քմ: Սակայն օրենսդրության նշված պահանջը խախտվել է Երեւանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում, գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայում, Երեւանի էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի հայկական ինստիտուտում, Երեւանի կառավարման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանում, գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում, Երեւանի «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարանում, «Ռոսլին» արվեստի ինստիտուտում, ինչպես նաեւ «ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» եւ «Գալիք» համալսարաններում:

ՎՊ-ն բազմաթիվ խախտումներ է բացահայտել նաեւ պետական բուհերում: Օրինակ, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի լսարանների առաստաղների բարձրությունը 2,43 մ է, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմից գիտական աստիճան ունեն ընդամենը 46 տոկոսը: Այս առումով վիճակն ավելի վատ է Հայաստանի ֆրանսիական համալսարանում:

Սակայն, թերեւս, առավել ուշագրավն այն է, որ Վերահսկիչ պալատն այս վերջին տիպի ուսումնական հաստատություններում չի նկատել, հայտնաբերել ուսումնական գործընթացի վրա ազդող այնպիսի մի աղաղակող խախտում, ինչպիսին է դրանցից շատերում «Հայոց լեզու», «Ֆիզիկա» եւ այլ առարկաների դասագրքերի գրեթե իսպառ բացակայությունը:

Այսինքն՝ վերահսկողությունը նույնպես եղել է թերի, ոչ համակողմանի: