2016թ.-ի Հայաստանյան լավագույն սթարթափերից՝ Earlyone բջջային հավելվածը արդեն ակտիվ կիրառվում է 10 կազմակերպություններում եւ թույլ է տալիս սպասարկվել առանց հերթում սպասելու: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Earlyone թիմից։
Earlyone-ի գաղափարն առաջացել է LimeTech ընկերության գործունեության արդյունքում: Կազմակերպությունն ի սկզբանե զբաղվում էր հերթերի կառավարման համակարգերի ծրագրային ապահովմամբ եւ ապարատային մասով: Սակայն ինչպես նշում է ընկերության տնօրեն Գեւորգ Սաֆարյանը. «8 տարի հերթերը կառավարելուց եւ մի փոքր ավելի հարմարավետ դարձնելուց հետո հասկացանք, որ շատերն են կառավարում հերթերը, սակայն ոչ ոք չի վերացնում դրանք»։
Այսպիսով ստեղծվեց Earlyone բջջային հավելվածը, որը նպատակ ունի վերացնել հերթերում սպասելու անհրաժեշտությունը: Այս անվճար հավելվածը ցանկացած վայրում բանկում, բջջային օպերատորների եւ այլ սպասարկման կենտրոններում թույլ է տալիս հերթագրվել նախապես եւ սպասարկվել առանց հերթում սպասելու:
Ինչպես օգտվել Earlyone-ից
Հավելվածը ունի պարզ եւ մատչելի եռալեզու ինտերֆեյս: Earlyone-ը սմարթֆոնում ներբեռնելուց հետո ցույց է տալիս կազմակերպությունների հիմնական ցանկը: Ընտրում եք կազմակերպությունը, հետո մասնաճյուղը, անհրաժեշտ ծառայությունը, որից հետո օրն ու ժամն եք ամրագրում: Համակարգը հաշվարկում է. կամ Ձեր նշած ժամի համար կտրոն է ստեղծում, կամ մասնաճյուղի ծանրաբեռնվածության դեպքում՝ առաջարկում է մոտակա ազատ ժամը: Կտրոնը ստեղծելուց հետո ստանում եք կտրոնի համարը եւ հաստատման քառանիշ կոդը:
Արդեն մասնաճյուղ հասնելուց հետո պետք է տերմինալի վրա հաստատել, որ տեղում եք՝ մուտքագրելով քառանիշ կոդը: Հաստատումից հետո հաճախորդը կստանա ֆիզիկական կտրոն, մյուս բոլոր սպասողների պես կկանչվի տեղեկատվական էկրանի միջոցով՝ սպասարկվելով ամրագրված ժամին:
Ովքեր են միացել Earlyone-ին
Բջջային հավելվածը արդեն գործում է մի շարք առաջատար բանկերում, բջջային օպերատորի գրասենյակներում, ինչպես նաեւ պետական հաստատություններում:
Earlyone-ի շարժմանը միացել են Պրոմեթեյ բանկը, Ինեկոբանկը, ՀայԷկոնոմԲանկը, Ֆինքա,Կամուրջ եւ Գլոբալ Կրեդիտ Ունիվերսալ Վարկային կազմակերպությունները, Onex-ը, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Եթե Դուք չեք գտնում նախընտրելի կազմակերպությունը ցանկում, ապա կարող եք հենց հավելվածի միջոցով առաջարկել ավելացնել այն կազմակերպությունները, որտեղ հերթ եք կանգնում:
Earlyone-ը միջազգային մրցույթներում
Որպես սթարթափ, թիմը մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների եւ ունեցել է նշանակալի հաջողություններ: Ընտրվելով որպես լավագույն Հայկական սթարթափ
SeedStars եւ Eurassia Mobile Challenge մրցույթներում՝ մոտակա ամիսներին Earlyone–ը ներկայացնելու է Հայաստանը տվյալ մրցույթների միջազգային հարթակներում` նպատակ ունենալով կիսվել իր նորարարությամբ այլ շուկաներում նույնպես:
Earlyone բջջային հավելվածը կարող եք ներբեռնել անվճար Android եւ iOS համակարգերի համար:

































