Հունվարի 26-ի նիստի ժամանակ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Կանադայի միջեւ «Օդային հաղորդակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկին:
Առաջարկը ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Ավետիսյանի խոսքով՝ ներկայումս օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի եւ Կանադայի հարաբերությունները կարգավորված չեն միջկառավարական համաձայնագրով:
Համաձայնագիրն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը եւ երկու երկրների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը: Համաձայնագրի կնքումը կնպաստի օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի եւ Կանադայի հարաբերությունների կարգավորմանը, նաեւ տուրիզմի եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրել է. «Իսկ ե՞րբ ուղիղ չվերթով Կանադա կմեկնենք»: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը պատասխանել է. «Իրավական հիմք կստեղծենք, հետո պարզ կլինի»:



























