ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են գողությունների մի շարք դրվագներ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի։

2016 թվականի նոյեմբերի 21-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ գողություն է կատարվել Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գործող առեւտրի կենտրոններից մեկում.  առերեւույթ հանցագործություն կատարած անձինք բացել են առեւտրի կենտրոնի դուռը եւ դրամարկղերից հափշտակել գումար՝ այդ կերպ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեկաան օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Արդյունքում՝ պարզվել է կատարված հանցագործության մեխանիզմը, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 5 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց թվում ՝ 1 կին եւ 1 անչափահաս:

Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են խմբի կողմից ինչպես միասին, այնպես էլ՝ առանձին-առանձին կատարված  հանցագործության մի շարք դրվագներ եւս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Սողոմոնյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (3 դրվագ) հատկանիշներով,

Ն.Արշակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի (5 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով,

Թ.Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի (5 դրվագ) հատկանիշներով,

Ժ.Այդինյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (3 դրվագ) հատկանիշներով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում։