Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը կմնա անազատության մեջ: Այսօր՝ հունվարի 27-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ներսես Պողոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Դատական նիստին ներկա գտնված Ներսես Պողոսյանը հայտարարել է, որ որպես բողոքի նշան դիմելու է հացադուլի:  NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Վարսիկը, նշեց, որ Նրեսեսի ընտանիքը՝ մայրը եւ կինը, նույնպես հացադուլ են հայտարարելու ՀՀ դատախազության շենքի դիմաց եւ պահանջելու են ազատ արձակել Ներսեսին:

Ավելի վաղ տեղեկացրել էիքն, որ Ներսես Պողոսյանը 30 օր տեւած հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը, նա ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: